Դավիթ Բաբայանը` Արցախում իրավիճակի, Պուտինին ուղարկված նամակի մասին

Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր հարթակներում ներկայացնում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ, 120 հազար հայ շարունակում է զրկված լինել ազատությունից, սննդից, դեղորայքից: Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգընթաց` Ադրբեջանի ԶՈԻ-ն հերթական ռազմական ագրեսիան իրականացրեց, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ:  Auroranews-ը կապ  հաստատեց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ` ճշտելու` ի՞նչ իրավիճակ է այս պահին Արցախում:

 

«Իրավիճակը չի փոխվել, նույն վիճակն է` կայուն, բայց ծանր: Այսպես կարելի է բնութագրել իրավիճակն Արցախում: Քաղաքական առումով որևէ նոր բան չկա»,- նշեց Բաբայանը: 

 

Անդրադառնալով Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի գրառմանը, ըստ որի՝ ԱՀ նախագահը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինին` փորձեցինք ճշտել` ի՞նչ ակնկալիքներ կան: 

 

«Ճիշտն ասած, տեղյակ չեմ, բայց խնդիրն այն է, որ մենք պարբերաբար դիմում ենք տարբեր երկրների, առավել ևս Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Մենք պարզապես այլ տարբերակ չունենք, և մենք ակնկալում ենք, որ լուրջ տեղաշարժեր կլինեն մեր տարածաշրջանում, հատկապես այդ չարաբաստիկ 2020 թվականի պայմանագրի դրույթների պահպանման գործում: Դրույթների պահպանումն ինքնին շատ կարևոր կլինի, քանի որ մենք տեսնում ենք` ինչպես է Ադրբեջանն ամեն ինչ խախտում: Ուրիշ բան չենք ուզում, սա մինիմումն է, որ պետք է արվի, մանավանդ որ դրա համար կան իրավական հիմքեր: Ինչքան խորանում է այս ճգնաժամը՝ Ադրբեջանի ախորժակն այդքան բացվում է: Սա մենք պետք է լավ հասկանանք:  Տարբեր տիպի նամակներն ու քննարկումները կարևոր են և միշտ եղել են»,- ասաց Բաբայանը:

 

Ըստ ԱՀ նախագահի խորհրդականի` լավատեսություն միշտ պետք է ունենալ, պետք է լինի պրոֆեսիոնալ և հայրենասեր թիմ, առանց դրա ծանր է   մարտահրավերներին առերեսվելը:

 

«Կարծում եմ նույնն ամենուր է, երբ կա պրոֆեսիոնալիզմի կամ հայրենասիրության պակաս, ամենաուժեղ երկիրը կարող է կանգնել կազմալուծման վտանգի առջև»,- եզրափակեց ԱՀ խորհրդականը: 

 

Քաղաքականություն