Հայաստանը կարող է որոշել ,թե ովքեր են իր դաշնակիցներն ու գործընկերները․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգները համարում է, որ Հայաստանը՝ որպես ինքիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները և գործընկերները։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ խոսելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։
 

«Ինչ է ցանկանում տեսնել Միացյալ Նահագները․ խաղաղություն Եվրոպայում, խաղաղություն Հարավային Կովկասում։ Եվ մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար։ Միացյալ Նահանգները շատ ակտիվորեն ներգրավված է, բայց նաև Եվրոպական Միությունն է շատ ակտիվորեն ներգրավված։ Որովհետև և՛ մենք, և՛ իրենք տեսնում են, որ ՀԿ-ում խաղաղություն և անվտանգություն ունենալն իրոք շահեկան է»,- ասել է դեսպանը։
 

«Մենք շատ կարևոր շահեր ունենք Հայաստանում։ Բայց ո՞րն է Միացյալ Նահանգների շահը։ Որ մենք ու դուք ընդհանուր ժողովրդավարական արժեքներ ունենք, հետամուտ ենք ընդհանուր ժողովրդավարական գործընթացներին։ Մենք տեսնում ենք, որ Հայատանն իրոք պայծառ կետ է տարածաշրջանում ժողովրդավարության իմաստով»,- ասել է դիվանագետը։
 

Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին՝ դեսպան Քվինն ասել է, որ Հայաստանն ինքիշխան պետություն է, որը «կարող է հարաբերություններ ունենալ հարևանների հետ, աշխարհում այլ պետությունների հետ»։ 

 

«Մենք գնահատում ենք այն հանգամանքը, որ Հայաստանը պահպանում է Իրանի նկատմաբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները։ Սակայն, դրանից բացի, Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսի հարաբերություններ ունենալ Իրանի հետ»,- հավելել է Քրիստինա Քվինը։

Քաղաքականություն

Պատահարներ