ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի մարզում և Նովայա Մոսկվայում 5 ԱԹՍ է խոցվել

ՌԴ-ում՝ Նովայա Մոսկվայում, խոցվել է չորս անօդաչու թռչող սարք, որոնցից մեկի ընկած բեկորներից կենցաղային շենքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ ծառայությանը։

 

«Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքերի հարձակումները Նովայա Մոսկվայի երեք բնակավայրերում: Դրանցից մեկի բեկորներից հրդեհ է բռնկվել բազմաբնակարանշենքում: Տուժածներ չկան», - նշելէ գործակալության զրուցակիցը։

 

Նշվում է,որ բոլոր անօդաչու թռչող սարքերը եղել են ինքնաթիռային տիպի։

 

Եվս 1 ինքնաթիռային տիպի ԱԹՍ ընկել է Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Կուբինկա քաղաքի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում։ Նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ և ավերածություններ չկան։

 

Ավելի ուշ, տեղի ունեցածի մասին հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի ՊՆ-ն։

 

«Այսօր առավոտյան տապալվել է Կիևի ռեժիմի փորձը՝ հինգ անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնել Մոսկվայի մարզի և Նովայա Մոսկվայի օբյեկտների վրա: Նովայա Մոսկվայի տարածքում ուկրաինական չորս ԱԹՍ-ներ ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Եվս մեկ ԱԹՍ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանում», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ 

 

Հաղորդագրության մեջ նաև նշվում է՝ միջադեպի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

 

ТАСС-ը հավելում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Վնուկովո» օդանավակայան թռիչքների մի մասն ուղարկվել է այլ օդանավակայաններ։

Քաղաքականություն

Պատահարներ