Սպիտակ տանը հայտնաբերված փոշին եղել է պահախցիկում. CBS News

Սպիտակ փոշին, որը հայտնաբերվել էր Սպիտակ տանը ԱՄՆ Գաղտնի ծառայության (USSS) աշխատակիցների կողմից և, ըստ նախնական տվյալների, կոկաին էր, գտնվել է պահարանում, որն օգտագործվել է աշխատակիցների կողմից որպես պահախցիկ։ Այս մասին տեղեկացնում է CBS News հեռուստաալիքը։

 

«Նյութը հայտնաբերվել է արևմտյան թևի ընդհանուր գոտում, որտեղ գտնվում են օվալաձև աշխատասենյակը և նախագահի որոշ օգնականների և օժանդակ անձնակազմի աշխատասենյակները... Նյութը գտնվել է պահարանում, որը սովորաբար օգտագործվում է աշխատակիցների և Սպիտակ տան հյուրերի կողմից բջջային հեռախոսները թողնելու համար»,- տեղեկացրել է հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրավապահ ծառայությունների բարձրաստիճան աշխատակցին։

 

Ավելի վաղ Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլյելմին հրաժարվել էր նշել փոշին գտնելու կոնկրետ տեղը։

 

ԱՄՆ Գաղտնի ծառայության հայտարարության համաձայն՝ իրականացվելու է ստուգում, որպեսզի պարզվի, թե իչպես է նյութը հայտնվել արեւմտյան թեւում։ Հետաքննությունը ներառելու է տեսախցիկների եւ գրանցամատյանների ուսումնասիրությունը, որպեսզի պարզվի, թե ով կարող էր մուտք գործած լինել շինություն, որտեղ գտնվել է թմրանյութը։

 

Հիշեցնենք՝ կասկածելի սպիտակ փոշին հայտնաբերվել էր կիրակի երեկոյան ԱՄՆ Գաղտնի ծառայության (USSS) աշխատակիցների կողմից, որոնք զննում էին շենքը։ Դրանից հետո հայտարարվել է տարհանում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ պահին Սպիտակ տանը չէր։ Նախնական տվյալներով՝ գտնված փոշին կոկաին էր։ 

Քաղաքականություն

Պատահարներ