«Ադրբեջանը մանիպուլացնում է դատարանի որոշման իմաստն ու բովանդակությունը». Եղիշե Կիրակոսյան

Պաշտոնական Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, հայտարարում է Հայաստանի կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանը պնդում է՝ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի՝ օրերս կայացրած որոշումը առանց վերապահումների՝ ապաշրջափակելով Լաչինի միջանցքը։ 

 

«Ադրբեջանը, բնականաբար, հերթական անգամ մանիպուլացնում է դատարանի որոշման իմաստն ու բովանդակությունը։ Հետևյալն է ասել դատարանը, որ այս հանգամանքներում անհրաժեշտություն չի գտնում, որ փոփոխի իր կիրառած ժամանակավոր միջոցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

 

Փետրվարին կայացված որոշումից ու դրա չկատարումից հետո Հայաստանը վերջերս դարձյալ դիմել էր Հաագայի դատարան՝ ահազանգելով, որ Բաքուն ոչ միայն չի բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ նաև միջանցքում անցակետ է տեղադրել։

 

«Միևնույն ժամանակ դատարանը երկրորդ կետով միաձայն վերահաստատել է փետրվարի 22-ին կիրառած ժամանակավոր միջոցը, որը փաստացի նշանակում է մի բան, որ դատարանը ներկա իրավիճակում էլի անհրաժեշտ է համարում ու կիրառելի է համարում այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել կամ ձեռնարկել իր իրավասությամբ եղած բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով։ Եվ վստահաբար այս որոշումը դրա մասին է», - նշեց Կիրակոսյանը։

 

Բաքուն, սակայն, պնդում է՝ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է « Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ ողջունել է դատարանի որոշումը, որն, ըստ Բաքվի, հայկական կողմը սխալ է մեկնաբանել։

Քաղաքականություն