«Տարաձայնություններն անհաղթահարելի են». Նիդեռլանդների կառավարությոնը հրաժարական է տվել

Նիդեռլանդական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան հայտնում է, որ Նիդեռլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել։

 

Ռյուտեն հրաժարականի մասին հայտարարել է այն բանից հետո, երբ կառավարական կոալիցիան երկար խորհրդակցություններից հետո չի կարողացել համաձայնության գալ ապաստան հայցողների ներհոսքը սահմանափակելու միջոցների շուրջ:

 

«Այսօր երեկոյան մենք, ցավոք, եկանք այն եզրակացության, որ տարաձայնություններն անհաղթահարելի են։ Այդ պատճառով ես շուտով թագավորին կներկայացնեմ իմ հրաժարականի դիմումը ողջ կառավարության անունից»,-ասել է Ռյուտեն մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին Նիդերլանդների կառավարությունը ամփոփիչ հանդիպում է անցկացրել երկրում միգրացիոն ճգնաժամի խնդիրը լուծելու համար: Հաղորդվում էր, որ կառավարական կուսակցությունները կարողացել են պայմանավորվել աշխատանքային միգրացիայի և բարձր որակավորում ունեցող մասնագետների միգրացիայի շուրջ, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության գալ ապաստան հայցողների ներհոսքի կրճատման միջոցառումների հարցում:

Քաղաքականություն