ԱՄՆ-ի «հրաշք զենքը», ոչ մի կերպ չի ազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա. Մարիա Զախարովա

Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ որոշումը միտված է ճգնաժամի ձգձգմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 


«Ջո Բայդենի վարչակազմի որոշումը Կիևի ռեժիմին կասետային զինամթերք մատակարարելու մասին ԱՄՆ-ի ագրեսիվ հակառուսական կուրսի ևս մեկ աղաղակող դրսրևորում է, որն ուղղված է Ուկրաինայում հակամարտության ու պատերազմի առավելագույն ձգձգմանը մինչև «վերջին ուկրաինացին»», - նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ «խոսքը Ուկրաինայի ներկայիս իշխանության հոգեվարքը երկարացնելու ցինիկ փորձի մասին է՝ հաշվի չնստելով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հետ»։ 
 

Նա ավելացրել է, որ ռազմական մատակարարումների մշտական ընդլայնումը, որը, ամերիկյան վարչակազմի մտահղացմամբ, կոչված է առավելագույնս «բարձրացնել խաղադրույքները» հակամարտությունում, նշանակում է ԱՄՆ-ի ու դրա արբանյակների ավելի ու ավելի խորը ներգրավումը մարտական գործողություններում: «Միջազգային հանրությունն իրավունք չունի անտեսել այդ ակնհայտ փաստերը և պետք է համարժեք արձագանքի դրանց», - նշել է Զախարովան: 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կասետային զինամթերքի փոխանցումն անվանել է «հուսահատության ժեստ և անզորության վկայություն՝ ուկրաինական «հակահարձակման» ձախողման ֆոնին։ Զախարովան ավելացրել է, որ հերթական «հրաշք զենքը», որի վրա խաղադրույք են կատարում Վաշինգտոնում ու Կիևում, չմտածելով ծանր հետևանքների մասին, ոչ մի կերպ չի ազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, որի նպատակներն ու խնդիրներն ամբողջությամբ կկատարվեն: 

 

Քաղաքականություն