Քիչ առաջ Ադրբեջանը փակեց Հայաստան-Արցախ գազատարի խողովակի վրա եղած փականը

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: Խնդրում է խստիվ կերպով հետևել անվտանգության կանոններին: 

Արցախի տեղեկատվական շտաբն էլ իր հերթին հաղորդում է․ 

Հարգելի՛ քաղաքացիներ, 
 

Քիչ առաջ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը: Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի: 

Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը մատակարարում է կրկին միայն ավտոգազալցակայաններին՝ դադարեցնելով մնացած բաժանորդներին գազի մատակարարման վերականգնման աշխատանքները: Ամեն դեպքում խնդրում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնությունը և հետևել գազօգտագործման անվտանգության կանոններին, քանի որ որոշակի ծավալի գազ արդեն մղվել էր դեպի ներքին ցանցի մի հատված: 

Լրացուցիչ զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք առանձին հաղորդագրությամբ: 

Հիշեցնենք, որ մարտի 21-ից ամբողջությամբ դադարեցված գազամատակարարումը հուլիսի 8-ին վերականգնվել էր, և Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանվել է հանրագումարային 143 օր շարունակ: 

 

Քաղաքականություն