Հավատում եմ` տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ. Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստին

Հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ, և Հայաստանի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից: Այս մասին ընդգծել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: 

 

«Տիկի'ն նախագահ,

 

Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ եւ կայուն, եթե տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան գտնել համակեցության բանաձեւ: Այս բանաձևը կօգնի մեզ ապահովել և պաշտպանել մեր անկախությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը:

 

Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է ուժեղ մանդատ` խաղաղություն բերելու իմ երկիր եւ հնարավոր դարձնելու խաղաղ համակեցության դարաշրջանը ապագա սերունդների համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում: Ավելորդ է ասել, որ հարեւանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Գործընթացի երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն դրան:

 

Ցավոք, Հայաստանի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել վեհաժողովին Վանկուվերի հռչակագրում իր դիրքորոշման համար:

 

Ինչպես արդեն ասացի, մենք պետք է գտնենք մեր բոլոր հարևանների հետ համակեցության բանաձեւը, եւ այստեղ ես ուզում եմ ընդգծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը: Հայաստանն այս ամբողջ գործընթացի ընթացքում մի քանի դրական քայլեր է ձեռնարկել` ի ցույց դնելով իր անկեղծ հանձնառությունը երկու երկրների միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Մենք հուսով ենք, որ Թուրքիան նույնպես ավելի մեծ ջանքեր կներդնի եւ ավելի մեծ հանձնառություն կցուցաբերի դրան, որպեսզի մոտ ապագայում կարողանանք դրական արդյունքների հասնել:

 

Մեր տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա, և բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` մենք շարունակելու ենք պահպանել խաղաղության մեր քաղաքական ուղեգիծը:

 

Հարգելի` գործընկերներ, կարծում եմ, որ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության եւ համագործակցության մասին այս զրույցը կկարողանանք շարունակել Հայաստանում կայանալիք աշնանային նստաշրջանի ընթացքում եւ ես ուրախ եմ բոլորիդ հրավիրել իմ երկիր:

Հուսով եմ, որ մինչ այդ մենք ավելի քիչ ռազմական գործողությունների եւ բռնությունների ականատես կլինենք ԵԱՀԿ տարածաշրջանում: 

 

Նշենք՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը:  Լիագումար նիստում հուլիսի 4-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

 

Քաղաքականություն

Պատահարներ