Ջհանգիրյանը քիթը սխալ տեղ էր մտցրել, թող գնա՝ թոշակը վայելի․ Ռուբեն Վարդազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի ձայնագրման հիման վրա հարուցված քրեական վարույթը նորից կվերաբացվի։ 

 

MediaHub-ը Վարդազարյանից հետաքրքրվել է, թե ինչ սպասելիքներ ունի վերջինս, քանի որ վարույթը կարճվել էր հանցանքի բացակայության հիմքով։ 

 

«Որևէ սպասելիք չունեմ, վստահ եմ, որ կգտնվի որևէ պատրվակ կամ փոքր հիմնավորումիկ, որով գործի վարույթը նորից կկարճվի: Էս հարուցել-կարճել գործընթացի պատճառը ոչ թե գործի էության քննելն է, այլ միջգերատեսչական պայքարի արդյունք էր։ Պատվերը հետևյալն էր՝ գործի վարույթը պետք է կարճվի, գտեք որևէ մեխանիզմ։ Այդ գտնելու պրոցեսում Դատախազությունը և Քննչական կոմիտեն իրար չհասկացան ու այդ պատճառով էլ գործը կարճվեց, վերացվեց, նորից կարճվեց, նորից վերացվեց։ Այն պատվերը, որ գործ չհարուցվի և որևէ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվի, ուժի մեջ է և վերջում կյանքի կկոչվի»,-ասել է նա։ 

 

Խոսելով հավանական առերեսման մասին՝ Վարդազարյանը նշել է, որ առանց առերեսման այս գործը տեղից չի շարժվի, որը տեղի չի ունեցել։

 

«Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ձգտում, տենչում, որ Գագիկ Ջհանգիրյանը ենթարկվի քրեական պատասխանատվության, այլ ուզում էի իմ գործընկերներին ցույց տալ, որ այս ամենը քաղաքական պատվեր էր և իմ նկատմամբ հետապնդում էր իրականացվում։ Իմ նպատակին հասա, իրականությունը ցույց տվեցին։ Ջհանգիրյանը քրեական պատասխանատվության կենթարկվի, թե չէ, ինձ քիչ է հետաքրքրում, ի վերջո, տարիքն առած մարդ է, սխալվեց, քիթը մտցրեց մի դաշտ, որն իրենը չէր, իրենը ստացավ, թող գնա, հանգիստ իր թոշակը վայելի»,-նշել է Վարդազարյանը։

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը բացառիկ ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Վարդազարյանի հրապարակված ձայնագրության հիման վրա նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր:

Քաղաքականություն