Կոչ ենք անում միմյանց չկապել ԵՄ-ին՝ Թուրքիայի և ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցությունները. Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը և Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Թուրքիայի առաջընթացը միմյանց հետ կապ չունեն։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա, երբ Թուրքիան ընդունվի Եվրամիություն։

 

«Այդ գործընթացները չեն կարող փոխկապակցվել, քանի որ ԵՄ-ն ունի շատ հստակ անդամակցության գործընթաց, կան որոշակի քայլեր, որոնք պետք է կատարի թեկնածու երկիրը»,- ճեպազրույցում ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը:

 

Թուրքիան ԵՄ թեկնածուի կարգավիճակում է 1999 թվականից, իսկ Խորվաթիան վերջինն է անդամակցել ԵՄ-ին: Դա տեղի է ունեցել 2013-ին, գործընթացը տևել է տասը տարի։ 2016 թվականից Թուրքիայի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունները փաստացի դադարեցվել են։

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը երկուշաբթի Վիլնյուսում հանդիպում կանցկացնի Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ՝ փորձելով վերացնել խոչընդոտները Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին։

Քաղաքականություն