«Ոչ միայն չեմ հավատում Օսկանյանի ասածին, այլեւ այն ծիծաղելի եմ համարում». Հակոբ Ասլանյան

Ես կարծում եմ՝ իշխանությունը չի պատրաստվում նման հնարավորություն տալ Վարդան Օսկանյանին, որովհետեւ դա անլուրջ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե իրեն թող տան 3 ամիս բանակցելու լիազորություն եւ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը լռի, ինքը կկարողանա հայանպաստ լուծման բերել բանակցությունները:

 

«Անլուրջ է նրնով, որ նախեւառաջ, եթե մի անձնավորություն արդեն շուրջ 10 տարի եղել է այդ պոստում եւ 10 տարվա մեջ չի կարողացել դա անել, որտեղի՞ց վստահություն, որ այդ երեք ամսում կկարողանա դա անել: Դա ուղղակիորեն եւս մեկ անգամ ապացուցում է, որ նախկին իշխանությունները եւ նախկինում, եւ հիմա, այդպես էլ չեն հասկացել՝ ինչու էին իշխում անցյալում, եւ ինչու համար են ուզում գալ իշխանության»,-ասել է նա:

 

Ասլանյանը հավելել է, որ ոչ միայն չի հավատում Օսկանյանի ասածին, այլեւ այն ծիծաղելի է համարում. «Որովհետեւ այսօր գոյություն ունի միջազգային հանրություն, գոյություն ունեն բազմաթիվ միջնորդական առաքելություններ, այսօր կատարվում է հսկայական քանակությամբ աշխատանք դիվանագիտական ոլորտում բոլոր ձեւերով: Հայաստանը փորձում է նախ աշխարհին ներկայանալ նոր մոտեցումներով, աշխարհին ապացուցելու, որ ինքը պետություն եւ պետականություն ունի եւ այս երկրի պետականությունը կախված չէ որեւէ մեկի կամ որեւէ խմբի շահից: Մեր երկրի պետական գործառույթները դրսում ամբողջությամբ ուղսորդված են մեր ժողովրդի վաղվա օրվան, որ գան ու ժողովրդին ասեն՝ ի վերջո, տասնամյակներ ու դարեր շարունակ  քո առջեւ ծառացած խնդիրները, որոնք թույլ չեն տվել, որ հայոց աշխարհում պետություն ու պետականություն զարգանա, այսօր հիմք ենք դրում դրան:

 

Ցավալին այն է, որ մեր պատմության մեջ ունեցել ենք իշխանություններ, ունեցել ենք պետություն, բայց չենք ունեցել պետականություն, որովհետեւ այդ իշխանությունը չի եղել հայինը, չի եղել հայանպաստ: Նույնիսկ ԽՍՀՄ ժամանակ մեր պետությունը չի եղել ժողովրդի պետությունը, եղել է բոլշեւիկյան կուսակցությանը: Հիմա եկել է ժամանակը, որ դրվում են պետության ու պետականության հիմքերը»,-ընդգծել է ՔՊ-ական պատգամավորը:

 

 

Քաղաքականություն