«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը մեկնաբանել է Վարդան Օսկանյանի առաջարկը

Նման քննարկում չի եղել, չի էլ լինելու․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան մեր հարցին՝ արդյո՞ք ֆրակցիայում քննարկել են ԱԳ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի այն առաջարկը, որ եթե լիազորություն տրվի իրեն եւ մի խումբ դիվանագետների, ապա իրենք 2-3 ամսվա ընթացքում կտրուկ փոփոխություն կմտցնեն ԼՂ հարցի կարգավորման գործընթացում։

 

Ի դեպ, Օսկանյանն այսօր կրկնել էր իր առաջարկը:

 

Հովհաննիսյանի խոսքով՝ Վարդան Օսկանյանի կողմից արված ցանկացած մեկնաբանություն անիմաստ է քննարկել, որովհետեւ, ըստ նրա, նախկին իշխանություններն իրենց գործողություններով Ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարել են ոչ թե լուծման, այլ փակուղի։ 

«Իրենց ժամանակը իրենք օգտագործել են։ Այդ մարդիկ ԼՂ հարցի կարգավորման գործընթացների փաստաթղթերում տարբեր տեսակի ոչ հայանպաստ ձեւակերպումների հեղինակներ են։ Մարդիկ ժամանակին ունեցել են հնարավորություն խնդիրը լուծելու, ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Այդ մարդկանց դիտարկումները չեն բխում Հայաստանի եւ Արցախի շահերից»,-ասել է նա։ 

 

Դիտարկմանը՝ Վարդան Օսկանյանի առաջարկությունները տրամաբանական էր համարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչո՞վ են իշխանությունները կաշկանդված ընդունել Օսկանյանի կողմից արված ադեկվատ առաջարկությունները, Հովհաննիսյանն ասել է․ 

 

«Ադեկվատ առաջարկների համար գոյություն ունեն ադեկվատ խողովակներ եւ ձեւաչափեր։ Ցանկացած ոք, ով ունի հայանպաստ լուծում, առաջարկ՝ գտնում է ադեկվատ խողովակներ՝ իր առաջարկները տեղ հասցնելու համար։ Մենք լսում ենք բոլորին, իսկ Վարդան Օսկանյանը չի մտնում ադեկվատ մարդկանց ցանկի մեջ»։ 

 

Հարցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ն շարունակ տանում այն թեզը, թե իրենց այլընտրանքը պատերազմն է, հեռանան իշխանությունից՝ պատերազմ է լինելու, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ իրենք եկել են խաղաղության օրակարգով, իսկ խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ 

 

«Իշխանությունը նման բան երբեք չի ասել, ոչ էլ ակնարկում է։ Այո, մենք եկել ենք խաղաղության օրակարգով եւ գնում ենք այդ օրակարգով։ Իսկ թե կողքից ինչ մեկնաբանություններ են անում, դա այլ հարց է։ Բնական է, չէ՞, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, հետեւաբար ինչո՞ւ մտնենք այս անիմաստ դիսկուրսի մեջ»,-հավելել է նա։

 

Նշենք, որ օրեր առաջ Վարդան Օսկանյանը լրագրողների միջոցով իշխանություններին այսպես ասած առաջարկ արեց՝ իրեն եւ մի խումբ դիվանագետների բանակցային գործընթացում փոփոխություններ մտցնելու լիազորություն տալ։

 

«Իշխանություններն այսօր ի վիճակի չեն Արցախի հարցում այլընտրանքի մասին խոսել, սա այնպիսի ազգային գոյատեւական խնդիր է, որ նրանք պետք է համարձակություն ունենան բանակցությունները հանձնարարեն այլոց: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ՝ 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կա. այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոսանոց: Երկրորդ, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի։ Այնքան վնաս, ինչքան Հայաստանին ու հայ ժողովրդին տրվել է Փաշինյանի խոսելու արդյունքում, նման այլ բան չկա: Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, պատերազմից հետո Փաշինյանի խոսելը այդ ամենն ավելի է խորացրել: Այսօր նրա խոսելը ավելի է բարդացնում իր վիճակը եւ օրեցօր ավելի է դժվարացնում իրավիճակ փոխելը»,-ասել էր Օսկանյանը։

 

Այսօր տարածած ուղերձում Օսկանյանը կրկնել էր առաջարկը.

 

«Տվեք ինձ այդ լիազորությունը, դուք կարող եք չլռել, բայց մտածեք, հետո խոսեք ու հավատացեք, որ մենք հաջողություն ենք ունենալու»։

Քաղաքականություն