Ռուսաստանը պատասխան քայլեր կնախատեսի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեպքում․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը պատասխան քայլեր կնախատեսի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեպքում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

 

Խոսելով Ռուսաստանի անվտանգության համար դաշինքին Շվեդիայի անդամակցության հետևանքների մասին՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ դրանք «միանշանակ բացասական» կլինեն։ Պեսկովը հայտնել է, որ ի պատասխան դրա՝ Ռուսաստանը կձեռնարկի «միջոցառումներ, որոնք նման են այն միջոցառումներին, որոնք նախագծվում են, պլանավորվում են Ֆինլանդիայի՝ արդեն տեղի ունեցած անդամակցության համատեքստում»։

 

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել այս տարվա ապրիլի 4-ին, սակայն Թուրքիան չէր հաստատում Շվեդիայի հայտը։ Երեկ էլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տվել էր իր համաձայնությունը՝ հաստատելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։

 

Պեսկովը նաև անդրադարձել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի այն առաջարկին, որ հարկավոր է ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազաներ տեղակայել ՌԴ-ի սահմանների մոտ։ Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ «հենց դա է դարձել պատճառներից մեկը, որը հանգեցրել է ներկայիս իրավիճակին»։

Քաղաքականություն

Պատահարներ