Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ

2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։  Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի իրավիճակը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

 

«Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։  Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ 

 

Ելնում ենք նրանից, որ սույն Համաձայնագրի անբաժանելի մաս պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների  համալիր անշեղ կատարումը, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը:

 

Հաշվի առնելով վերոգրյալը ՝ ռուսական կողմը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը: Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում կայանալիք ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը՝ Հիշյալ փաստաթղթի ստորագրման համար։ 

 

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով։  Խորանում է հումանիտար ճգնաժամը տվյալ տարածքում։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրա-և գազամատակարարումից։ Դա կարող է ամենադրամատիկ հետեւանքներ ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի  բնակիչների համար։ 

 

Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, դրանով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Քաղաքականություն

Պատահարներ