Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով սուտ մատնության մեջ մեղադրվող երկու փոխգնդապետերի լիազորությունները կասեցվել են

Երեւանի քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ օգոստոսի 24-ին սկսեց Հայաստանի զինված ուժերի սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործով երեք անձանց կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի դատաքննությունը։ Այս մասին գրում է aravot.am-ը:

 

Հիշեցնենք, որ 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո Արա Մխիթարյանը մահացել է այս տարվա հուլիսի 23-ին։ Նրա հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաեւ ՔՊ կուսակցության վարչության աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ում հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից, եւ գործով կալանավորված է նրա այն ժամանակվա օգնականը։
 

Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ.Հ.-ն, Մ.Մ.-ն եւ Մ.Հ.-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաեւ առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նաեւ Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով եւ գործով դեռեւս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
 

2019թ. հոկտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջնիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք: 2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ.Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով
 

Երեք մեղադրյալների, որից մեկը կին է, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Փոխգնդապետներ Լեւոն Հարությունյանի եւ Մխիթար Մելքոնյանի նկատմամբ նաեւ «պաշտոնավարման կասեցում» է կիրառվել։

Քաղաքականություն

Պատահարներ