ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում Իրանի քաղաքացին արտարժույթի ապօրինի առքուվաճառք է իրականացրել. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն` Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացու կողմից ապօրինի իրականացվում է առանց պետական գրանցման և լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի գործունեություն։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

 

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները  պարզաբանելու նպատակով ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ մշակել և ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

 

Ծածկագրված եղանակով իրականացվել է նաև «հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում, առանց լիցենզիայի, արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ԻԻՀ քաղաքացուն տրամադրվել է 800 հազար ՀՀ դրամ՝ իրանական ռիալ գնելու, միաժամանակ, իրանական բանկային քարտին փոխանցելու նպատակով: Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  Երևանի Ամիրյան 4/3 հասցեում գտնվող  շենքի  բնակարաններից մեկում ԻԻՀ  քաղաքացի Ս․ Ա.-ն իրականացնում է արտարժույթի` դոլարի, դրամի, ԻԻՀ ռիալի առուվաճառք, ինչպես նաև կատարում է դրամական փոխանցումներ ՀՀ-ից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման:

Միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով ԻԻՀ  քաղաքացու կողմից ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջների խախտման փաստի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով:

 

Միաժամանակ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների  և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

 

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։  

 

Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ