Երևանում քարոզարշավի ժամանակ չկան սուրդո թարգմանություն և լուսագրեր. ՀՀ ՄԻՊ

Երևանի ավագանու 2023 թ. ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ տրամադրվող տեղեկատվությունը լսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի չէ, մեծամասամբ բացակայում են սուրդո թարգմանությունը և լուսագրերը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը:

 

Հանդիպման շրջանակում քննարկվել են մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցերը։ Պաշտպանն ընդգծել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այս խնդիրները հասցեագրելուն ուղղված կառուցակարգերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը:

 

Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց համար տեսալսողական մեդիայով տրամադրվող տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովմանը: Մասնավորապես, շեշտվել է, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ տրամադրվող տեղեկատվությունը լսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի չէ, մեծամասամբ բացակայում են սուրդո թարգմանությունը և լուսագրերը։

 

Հանդիպման ավարտին կողմերն առանձնացրել են համագործակցության և համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև երկուստեք ընդգծվել է միջգերատեսչական կայուն փոխգործակցության հաստատման կարևորությունը:

Քաղաքականություն

Պատահարներ