Ո՞րն էր այսօրվա խցանումների պատճառը․ ինչպես են մեկնաբանում քաղաքապետարանից

Այն իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Մյասնիկյան պողոտայում պայմանավորված է 3 ճանապարհատրանսպորտային պատահարներով։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

 

«Այն իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Մյասնիկյան պողոտայում պայմանավորված է 3 ճանապարհատրանսպորտային պատահարներով։ Անգամ մի վթարի դեպքում մենք ունենում ենք կոլապս, եթե պարեկային ծառայություններն արագ չեն գործում»,– հայտնել են վարչությունից։

 

Բացի այդ, երթևեկության կազմակերպման փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց տանող հատվածում խնդիր է առաջացել։ Բանն այն է, որ նախկինում Մյասնիկյանից Հերացի իջնող հատվածից թույլատրվում էր աջ երթևեկել, այժմ չի թույլատրվում։

 

«Երթևեկության արդյունավետության բարձրացման համար դեպի աջ թեքվող ուղղությունը մենք փակել ենք և հոսքերը պետք է իջնեն Հերացի փողոց։ Բայց բազմաթիվ վարորդներ, անտեսելով արգելող նշանը, շարունակում են թեքվել աջ, ինչն էլ իր հերթին դժվարանցանելի է դարձնում երթևեկությունը»,– լրատվամիջոցին հայտնել են վարչությունից։

 

Նշվում է, որ ընդգծվել է, որ ճանապարհային վթարի դեպքում հսկողությունը քաղաքապետարանի տիրույթում չէ, այլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության։

 

Ինչ վերաբերվում է պարբերական խցանումներին, Երևանի քաղաքապետարանից նշել են, որ միայն այսօրվա մասով հստակ կարող են ասել պատճառը, քանի որ ամեն օրն իր վերլուծությունն ունի։

 

Հիշեցնենք, որ վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում ահազանգում են, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում անանցանելի խցանումներ են։

Քաղաքականություն

Պատահարներ