Բաքուն ցանկանում է ԼՂ հայերին ստիպել հուսահատությունից դիմել իրեն. Le Monde

«Le Monde» պարբերականում հրապարակվել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է դադարեցվի» վերնագրով խմբագրական հոդված։

 

Ի տարբերություն նույն պարբերականում հրապարակվող լրագրողական հոդվածների՝ խմբագրական հոդվածը ներկայացնում է տվյալ պարբերականի հավաքական դիրքորոշումը խնդրո առարկա իրողությունների և երևույթների առնչությամբ, հրապարակվում է առանց կոնկրետ հեղինակի անուն նշելու՝ խմբագրության անունից, և սովորաբար՝ առաջին էջում։ «Արմենպրես»-ը թարգմանաբար ներկայացնում է հոդվածը․

 

«Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ միջանցքի փակումը և սովը՝ որպես հազարավոր հայերի դեմ զենքի օգտագործելը ոչ միայն ահռելի քաղաքական սխալ է, այլև, և առաջին հերթին, մարտահրավեր է միջազգային իրավունքի ամենատարրական կանոններին:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը որոշեց Լեռնային Ղարաբաղը ենթարկել այլ դարաշրջան հիշեցնող շրջափակման, անցնող յուրաքանչյուր օրը մեծացնում է հումանիտար աղետի վտանգը: 

 

Հայկական ուժերի դեմ տարած հաղթանակից երեք տարի անց Իլհամ Ալիևը, կարծես թե, վճռական է տրամադրված առաջ մղելու իր հաջողությունը, որին նպաստում է Մոսկվայի հովանու ներքո ձեռք բերված հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղապահ ուժերի պասիվությունը:

 

Միջազգայնորեն Ադրբեջանի ինքնիշխանության ներքո ճանաչված, սակայն հիմնականում հայերով բնակեցված և փաստացիորեն ինքնավարության վայելող Լեռնային Ղարաբաղը Խորհրդային միության փլուզման սկզբից ի վեր հանգիստ ժամանակաշրջան չի տեսել: 2020թ․ երկուստեք հազարավոր զոհերի գնով Բաքվի կողմից բուֆերային գոտիների վերանվաճումը և բուն անկլավի մի մասի գրավումը  չհանգեցրին «խիզախների խաղաղության», այլ՝ ընդհակառակը:

 

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին դեռևս կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022թ․ դեկտեմբերից լարվածության կիզակետում է։ Անվտանգային պատրվակով պաշտոնապես արգելապատնեշներ տեղադրելուց հետո Իլհամ Ալիևի ռեժիմը հունիսին որոշեց հերմետիկ ձևով փակել այդ ճանապարհը, ներառյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, որն անկլավ մուտք ունեցող միջազգային մարդասիրական վերջին կազմակերպությունն է: Լեռնային Ղարաբաղում  այս դժվարին պայմաններում ապրում է ավելի քան 100 հազար հայ (այս թիվը վիճարկվում է Ադրբեջանի կողմից):

 

Առանց մեղքի որևէ զգացումի, օգտագործելով սովի և ի թիվս այլոց նաև բժշկական պարագաներից զրկանքների զենքը, Բաքուն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին ստիպել հուսահատությունից դիմել իրեն։ Հակամարտություններ տեսած այս հողում համակեցության դժվարին ճանապարհը որոնելու փոխարեն, Բաքվի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հայերին առաջարկում է անհնարին գործարք՝ անվերապահ ենթարկում (մինչդեռ Ադրբեջանում հայերին ատում են) կամ աքսոր:

 

Ադրբեջանի նախագահի կողմից նման անզիջում կեցվածքով դիրքավորվելն ահռելի քաղաքական սխալ է, որի հետևանքով ատելությունը կրճատվելու փոխարեն տասնապատկվում է։ Նրա կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը նախևառաջ մարտահրավեր է միջազգային իրավունքի տարրական կանոններին: Խուլ մնալով Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարին հնչեցված նախազգուշացումների հանդեպ՝ Իլհամ Ալիևը ենթարկվում է լուրջ մեղադրանքների։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ