Դրամանենգության դեպք Տաշիրում. կեղծ 20-հազարանոցով մեքենան լիցքավորել է ու դիմել փախուստի

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17.35-ին, ծառայություն իրականացնող Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի մի բենզալցակայանի աշխատակիցը և հայտնել, որ «Օպել» մեքենայի վարորդը լիցքավորման համար վճարել է 20 հազար դրամ արժողության կեղծ թղթադրամ:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վարորդը բենզալցակայանում հազար դրամի բենզին է լիցքավորել ու վճարել 20 հազարանոց: Լիցքավորողն անմիջապես նկատել է, որ թղթադրամը կեղծ է, այդ մասին հայտնել է վարորդին, սակայն վերջինս, մանրը չվերցնելով, դիմել է փախուստի:

 

Համատեղ միջոցառումներով պարզվել է, որ փաստացի Սպիտակ քաղաքի բնակչին պատկանող մեքենան վարում է Կուրթան գյուղի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Նույն օրը Տաշիր քաղաքում նա հայտնաբերվել և ձերբակալվել է:

 

Նա տվել է համապատասխան հաղորդում և կից ներկայացրել է կեղծ թղթադրամը:

 

Փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:

 

Հիշեցնենք` Auroranews-ը ֆիքսել է, որ TikTok հարթակում  գովազդվող տելեգրամյան էջերից մեկը կեղծ թղթադրաներ է վաճառում։ Էջն ուսումնասիրելու արդյունքում պարզեցինք, որ հիմնականում 20․000 դրամանոց թղթադրամների կեղծված տարբերակների մասին է խոսքը։ 

Քաղաքականություն

Պատահարներ