Հելեն Դադայանի հարազատները դիմել են ՄԻԵԴ. ընթացքի մասին պարզաբանում է փաստաբանը․ Sputnik

Գյումրի–Երևան ճանապարհին օգոստոսի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի հարազատներն անհապաղ միջոցի խնդրագրով դիմել են ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լինի աղջկա դին տեղափոխել Արցախ։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից, որի հետ զրույցում հայտնել է Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

 

«Սա նշանակում է, որ եթե դատարանը բավարարի դիմումը, ապա Ադրբեջանից նախ կպահանջի տեղեկատվություն դիակի տեղափոխման գործընթացի հնարավոր խոչընդոտների ու վերլուծումների վերաբերյալ և երկրորդ` կարող է նաև Ադրբեջանից պահանջել ապահովել դիակի տեղափոխումը դեպի Արցախի Հանրապետություն»,– ասել է Սիրանուշ Սահակյանը։

 

Ինչպես գրում է լրատվամիջոցը, նա տեղեկացրել է, որ ի սկզբանե ՀՀ կառավարությունը որոշակի քայլերի է դիմել, որպեսզի ՄԻԵԴ–ի միջոցով ապահովի Հելեն Դադայանի դիակի տեղափոխումն Արցախի Հանրապետություն, բայց դրական արդյունք չի եղել։

 

«Պատերազմական գործընթացում էլ ՄԻԵԴ–ը չներգրավվեց դիերի վերադարձման գործընթացում և պահանջները մերժեց այն պատճառաբանությամբ, որ դրանք դատարանի մանդատի թույլատրելի շրջանակններից դուրս են և չեն առանչվում այն իրավունքներին, որոնք դատարանը կիրառում է։ Մասնավորապես` կյանքի իրավունքը»,– հայտնել է նա։

 

Սիրանուշ Սահակյանը հավելել է նաև, որ Հելեն Դադայանի դիակի տեղափոխման գործի հետ կապված, դատարանը միանշանակ ընդունում է, որ ընտանիքի, անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում կա, քանի որ ընտանիքը զրկված է դին հուղարկավորելու հնարավորություննից, բայց դրական արդյունքը երաշխավորված չէ։ Նա նշել է, սակայն, որ այս գործընթացն ունի առանաձնահատկություն` Ադրբեջանը քաղաքական պահանջներ է դնում քաղաքացու իրավունքների ապահովման համար։ Այնպես որ, անհատական գանգատի շրջանակում այս հիմնախնդիրը կարող է դրական լուծում ստանալ։

 

«Մասնավորապես` պահանջում է փաստաթղթեր, որտեղ տեղանունները պետք է մատնանշվեն ոչ թե հայկական, այլ ադրբեջանական անուններով, կամ Արցախի Հանրապետության փոխարեն գրված լինի Ադրբեջանի Հանրապետություն։ Շահարկվում են միջպետական բնույյթ ունեցող քաղաքական հարցադրումներ և քաղաքացու վրա դրվում է բեռ` տրամադրելու այնպիսի փաստաթղթեր, որոնք զուտ քաղաքական հարցերի են առնչվում ու որևէ կերպ կապված չեն մարդու իրավունքների իրականացման հետ»,– լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նա։

 

Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 12 մարդ։ Մահացածներից մեկն արցախցի Հելեն Դադայանն է, ում ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ