ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կրակոցներ Երևանի Հրազդան կիրճում. կրակողը չհասցրեց գողական սիմվոլով թխված տորթը վայելել

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում գործող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է լրատվականը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արթուր Հ․-ն իր ծննդյան օրը «8-րդ հրաշալիք» ռեստորանում նշելու ժամանակ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Մինչ դեպքի վայրում քննություն էին կատարում քննիչները, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները հայտնաբերում են Արթուր Հ․-ին և տեղափոխում ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ առանց փամփուշտների։

Ըստ լրատվականի կրակողը եղել է իր ընկերների հետ և կրակոցներ արձակելուց հետո իր ծննդյան առթիվ գողական խորհրդանիշով թխված տորթը չկարողացավ համտեսել։

Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 


 

Քաղաքականություն

Պատահարներ