Թուրքիայի հայերը իրար հետ թուրքերեն են խոսել, քիչ հեռու կանգնած արմավիրցիները լսել են և դիտողություն արել․ ԶԼՄ

Համահայկական 8-րդ խաղերից մոտ մեկ ամիս անց խաղերին մասնակցող երկու թիմի միջև խնդիրներ են առաջացել, անգամ բանը հասել է ընդհարման: Այս մասին տեղեկացնում է «Հրապարակը»։ 

 

«Ըստ մեր ստացած տեղեկությունների, բախվել են Թուրքիայի և Հայաստանի Արմավիրի մարզի ներկայացուցիչները, Գյումրիում՝ ֆուտբոլի առաջնության օրերին: Թուրքիայի հայերը իրար հետ թուրքերեն են խոսել, քիչ հեռու կանգնած արմավիրցիները լսել են և դիտողություն արել. մեկն ասել է, որ հայը պետք է հայերեն խոսի, մյուսն ասել է, թե` ուրեմն մեր մասին եք խոսում, որ թուրքերեն եք խոսում, որպեսզի չհասկանանք: Այսպես` խոսքից-խոսք ու բանը հասել է կռվի: Տուժել են թե թուրքահայերը, թե արմավիրցիները: Վիճակն այնքան է լրջացել, որ թիմերից մեկին արագ տեղափոխել են Երևան»,- գրել է կայքը:

 

Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ոստիկանության լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է, որ Գյումրիում նման միջադեպ արձանագրվել է: 

 

«Եղել է միջադեպ հենց խաղի ընթացքում, որը հարթվել է հենց նույն օրը: Ոչ թե ահազանգ են ստացել այս դեպքի մասով, այլ պարզապես ոստիկաններ են եղել ներկա խաղի ընթացքում և դեպքին ականատես են եղել ու կանխել են հետագա սրացումը»,- ասել է նա: 

 

Հիշեցնենք՝ օգոստոսին Հայաստանում անցկացեցին Համահայկական 8-րդ խաղերը, որին աննախադեպ թվով մասնակիցներ էին ժամանել:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ