Պետք է տարանջատել գերիների վերադարձը հորս սպանողի ազատազրկումից․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի

Նախորդ դատական նիստից հետո Վերաքննիչ դատարան բողոքարկում ենք ներկայացրել, քանի որ հորս սպանողին 20 տարի ազատազրկելը մեզ համար բավարար չէ։ Այս մասին տեղեկանում ենք MediaHub-ից, որի հետ զրույցում ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը՝ խոսելով հորը սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին 20 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման մասին։

 

«Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց հույս ունեմ, որ հաշվի կառնեն մեր բողոքը և ցմահ կդատապարտեն։ Մեր բողոքի մեջ նաև հստակ նշել ենք, որ պետք է տարանջատեն մարդասպանին Ադրբեջանում գտնվող մեր հայրենակից գերիներից։ Մենք չենք ասում, որ գերիների վերադարձը մեզ համար կարևոր չէ, բայց այս հարցը լրիվ այլ հարթության վրա է»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նա։ 

 

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Դատախազությունն ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրեց նրանցից մեկին՝ Հուսեյն Ախունդովին նաև ԶՊՄԿ-ի պահնորդի սպանության համար։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ադրբեջանցին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել պահնորդի ուղղությամբ, որը մահացել էր: Այնուհետև, Հուսեյն Ախունդովը վերցրել է նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով դիմել է փախուստի: Ախունդովն այդ հեռախոսով նկարահանել է նաև տեսաուղերձ այն մասին, որ սպանել է հայի: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ