Դատարանը մերժել է Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի գործով փաստաբանի բողոքները

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիայի լրագրող Աշոտ Գևորգյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Լիանա Գրիգորյանը։

 

Առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին եղել Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, որոնք վկայի կարգավիճակով ազատ էին արձակվել սեպտեմբերի 8-ին։

 

Աշոտ Գևորգյանի և Միկա Բադալյանի ձերբակալությունից հետո փաստաբանը բողոքարկել էր այդ որոշման իրավաչափությունը։

 

Բադալյանի և Գևորգյանի ձերբակալության հարցով դատական նիստերը դռնփակ են եղել։

 

Բանն այն է, որ նախաքննական մարմինը ձերբակալելու որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել հանցանք կատարելու պահին։ Մինչդեռ փաստաբանը հիշեցնում է, որ ձերբակալման պահին իր պաշտպանյալները գտնվել են Գորիսի հյուրանոցում և զբաղված են եղել իրենց առօրյա աշխատանքային խնդիրներով։

 

«Այսօր դատական նիստը կայացավ, դատարանը 2 բողոքն էլ մերժեց, սակայն այս պահին դեռ ոչինչ չենք ստացել։ Դատարանը հրապարակեց միայն եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուց հետո կքննարկենք պաշտպանյալներիս հետ, ինչից հետո կորոշենք` բողոքարկել, թե ոչ։ Նիստերը բավականին հանգիստ մթնոլորտում անցան»,– նշել է Գրիգորյանը։

 

Հարցին, արդյոք Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը մասնակցել են նիստերին, փաստաբանն ընդգծեց, որ նրանք ներկա չեն եղել։

Քաղաքականություն

Պատահարներ