«Ռուսն ասեց՝ վերջ, գնացեք, տեղ չկա էլ՝ մեր զինվորներն են քնում». Ասկերանի բնակչուհի

«Հրադադար են հայտարարել, կարողացել ենք գալ տուն, որ լողանանք, հագուստները փոխենք, հիմա Ասկերանում ենք», «Հրապարակին» ասաց Ասկերանի բնակչուհի Հերմինե Խաչատրյանը։ Նա նշեց, որ գիշերը չեն կարող մնալ իրենց տանը, քանի որ վտանգավոր է ու ստիպված են հետ վերադառնալ ռուս խաղաղապահների ապաստարանի մոտակայք ու այնտեղ մնալ բաց երկնքի տակ, քանի որ այդպես ավելի ապահով է։ 

 

«Այստեղ դեռ վտանգավոր է, ռուսը դեռ գարանտիա չի տալիս, որ ժողովուրդը մտնեն Ասկերան մնան։ Ռուսն էլ առաջին օրվանից մեզ տարավ իր մոտ ուղիղ երկու օր պահեց ու ճաշարանում հաց տվեց, երկու օրից հանեց՝ լարեց բոլորիս, թե կանանց, թե բոլորին։ Ասեց՝ վերջ, գնացեք, տեղ չկա էլ՝  մեր զինվորներն են քնում, հանեց բոլորին գցեցին չոլերը։ Հեսա չորս-հինգ գիշեր է մենք դրսերում ենք քնում, վախվխելով։ Մարդիկ կան չեն վախենում, տղամարդիկ, օրինակ, մեծամասնությունը գալիս են Ասկերանում՝ քնում իրենց տներում»,-ասաց Հերմինեն։

 

Ասկերանի բնակչուհին ասաց, որ զոհերից որևէ տեղեկություն չունեն։ Ինչ վերաբերում է սննդին, նշեց, որ մարդիկ սոված են, ոչինչ չկա՝ ոչ ալյուր, ոչ էլ ուտելու այլ բան։ Հաց չեն թխում։ Չորս օր առաջ ասել են, որ լույս կտան, հաց կթխեն, սակայն դեռ չեն տվել։ 

 

«Հիսուս Քրիստոսի շնորհիվ՝ ինչ կլինի․ խաղաղություն կլինի, թե մեզ կմորթեն՝ Սումգայիթի նման կանեն, դեռ չգիտեմ։ Դա եմ կարող ասել՝ ուրիշ ոչ մի բան»,-ասաց Հերմինեն։

 

Քաղաքականություն