Ո՞ր մարզում քանի բռնի տեղահանված արցախցի է արդեն տեղավորվել

ՀՀ Կառավարությունը պահուստային ֆոնդից 360 մլն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին՝ 2023 թ.սեպտեմբերի վերջին ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիների անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար։

 

MediaHub-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ այս պահի դրությամբ մարզ շուրջ 900 արցախցի է տեղափոխվել։ «Հիմնականում, վարձով են բնակվում, բայց նրանք, ովքեր վարձ տալ չեն կարող, իրենց, բնականաբար, ապահովել ենք կեցավայրում՝ Թորոսի ճամբարում են, հյուրատներում, Շիրակ ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարակից տարածքում և այլն։ Սննդի տրամադրման խնդիր չկա, այս պահի դրությամբ հասցնում ենք։ Կառավարության տրամադրած գումարները ծախսելու ենք առաջնահերթ խնդիրներ համար»,-ասել է Մուրադյանը։ 

 

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն էլ լրատվամիջոցին փոխանցել է, որ այսօր ժամը 10։00-ի դրությամբ Արմավիր է տեղափոխվել արցախցի 432 ընտանիք՝ 1772 մարդ։ 

 

«Վարձով բնակվողները քիչ են, հիմնականում տներ են տրամադրվում»,-ասել է նա։ 

 

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ հայտնեց, որ մարզում 1000-ից ավելի տեղահանված արցախցի է բնակվում։ 

 

«Ընդհանուր բաշխվածությունը փորձել ենք ամբողջ մարզով անել, բայց հիմնականում, Աշտարակ քաղաքի և շրջակա գյուղերում են տեղավորվել: Առաջնայինը սնունդի հարցն է, որը լուծվում է Կառավարության տրամադրած գումարով։ Վարձով բնակվողների մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ եթե վարձով են ապրում, ապա մեզ չեն դիմել, պարզապես եկել են ու բնակարան գտել։ Մնացած բոլոր դեպքերում մենք ապահովում ենք կեցավայրով և հետևում, որ դրանք ունենան բոլոր անհրաժեշտ պայմանները»։ 

 

Գեղարքունիքի մարզում էլ բռնի տեղահանվածների թիվն անցնում է 2000-ը, մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ արցախցիների մեծ մասը Մարտունի են տեղափոխվել։ «Առաջիկայում կավելացնենք ևս 1000 տեղ, այս պահին նորից գույքագրում ենք, որպեսզի կարողանանք մեծ հոսք ընդունել։ Իմ տեղեկատվությամբ՝ չկան մարդիկ, որ իրենք են տներ վարձել»։

 

Հիշեցնենք՝ Արցախից բռնի տեղահանված 88 հազար 780 անձ ժամը 10։00-ի դրությամբ հասել է Հայաստանի Հանրապետությունուն։

Քաղաքականություն

Պատահարներ