ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում օտարերկրացի «կրիմինալ անձը» սպանել է հայրենակցին. նրան հայտնաբերել են

2023 թ. հունիսի 19-ին, գիշերվա ժամը 1-ին, շտապօգնությունից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել էր ահազանգ, որ Երևանի Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ կա երիտասարդ տղայի դիակ: Մոտ 20 րոպե անց ահազանգ էր ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրացի մի երիտասարդ: Այս մասին հաղորդագրություն են տարածել Ոստիկանությունից:


Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ:


Նախաքննության ընթացքում պարզվեց, որ բենզալցակայանի մոտ սպանված անձը նույնպես օտարերկրացի է։ Ընդհանրապես, այս ողջ պատմությունը նույն ազգությամբ օտարերկրացիների ներքին պարզաբանումների արդյունք էր:


Իրավապահների միջոցառումների արդյունքում ձեռք են բերվում հավաստի տեղեկություններ, որ սպանված երիտասարդին դանակահարել էր ոմն Աբին, որի մասին խոսելիս հայրենակիցները ներկայացնում էին որպես «կրիմինալ անձ»: Օրեր անց նա ձերբակալվում է, ապա նաև՝ կալանավորվում: Ոստիկաններին հաջողվում է պարզել նաև հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարողի ինքնությունը, որը բնակվում էր Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում: Սակայն նա արդեն փոխել էր բնակության վայրը և խուսափում էր քննությունից:


Հունիսի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք։


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական տևական միջոցառումների շնորհիվ օրեր առաջ պարզվում է, որ հետախուզվողը գտնվում է Գյումրիում: Հետագա միջոցառումները ձեռնարկվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունվարի 30-ին Գյումրիի Թբիլիսյան խճուղու մի բնակարանում հետախուզվողը հայտնաբերվում և ձերբակալվում է:


Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն