ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոցում» դիմավորեցին ԵԱ–ից մեդալներով վերադարձած ըմբիշներին

«Զվարթնոց» օդանավակայանում ծափերով ու դափնեպսակներով դիմավորեցին Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին և բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին:



Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում խոսել է եզրափակիչ գոտեմարտի մասին, երբ ՌԴ ներկայացուցիչ Մագոմեդ Մուրթազալիևը կարողացավ երկու միավոր վաստակել։



«Գիտեի, որ հենց առաջին րոպեից հարձակվելու է, պատրաստ էի, ուղղակի այդ հնարքին չէին սպասում,– ասել է հայ ըմբիշը և հավելել է,– ամեն չեմպիոնությունն իր տեղն ունի, ամեն չեմպիոնության համար տանջվում ենք, մարզվում, ամեն չեմպիոնություն իր գինն ունի»։


Նա շեշտեց, որ Եվրոպայի չեմպիոն դառնալը հեշտ չէ։


«Զգում եմ, որ տարեցտարի բոլորը հիմնականում իմ դեմ են պատրաստվում, գնալով ավելի է դժվարանում, բայց, փառք Աստծո, ինձ մոտ ստացվում է»,– նշել է Ալեքսանյանը։


Առջևում օլիմպիական խաղերն են, դրանից հետո պարզ կլինի` նա կպատրաստվի Եվրոպայի ութերորդ չեմպիոնության համար, թե ոչ։


Մալխաս Ամոյանն էլ խոստովանել է, որ շատ դժվար ստացվեց երրորդ չեմպիոնությունը։


«Մի լավ խոսք կա` առաջինը դժվար է, այն պահելը` է՛լ ավելի դժվար։ Բայց մարզիչների շնորհիվ կարողացա ճիշտ գոտեմարտեր անցկացնել և հաղթանակի հասնել»,– նշել է մարզիկը։


Անդրադառնալով թուրք մրցակցի` Յունուս Բաշարի հետ 3-րդ անգամ գոտեմարտելուն` Ամոյանը վստահեցրեց, որ բոլոր մրցակիցների դեպքում էլ մեկ նպատակով է գորգ դուրս գալիս` հաղթանակի համար։


«Ամեն ինչ կանեմ, որ օլիմպիական խաղերից էլ ոսկե մեդալով վերադառնամ»,– խոստացել է ըմբիշը։


Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Բուխարեստում, և Հայաստանի ըմբշամարտի հավաքականը թիմային առումով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Քաղաքականություն