Ամերիկյան Vice մեդիանախագիծը փլուզվել է 30 տարվա աշխատանքից հետո. Ինչպես և ինչու դա տեղի ունեցավ

Գրեթե 30 տարվա պատմություն ունեցող Vice ամերիկյան մեդիա կայքը դադարեցրել է գործունեությունը, վերջին հրապարակումները թվագրվել են փետրվարի 23-ով։ Այս մասին գրում է RTVI–ը:


Vice Media-ի ղեկավարությունը որոշել է, որ կայքը շահութաբեր չէ և հայտարարել է հարյուրավոր աշխատակիցների կրճատման մասին։


Ո՞րն էր այս լրատվամիջոցի յուրահատկությունը և ինչու է դրա փակումը կոչվում մեդիա ոլորտի ամենամեծ ձախողումներից մեկը


Vice Media-ի գործադիր տնօրեն Բրյուս Դիքսոնը աշխատակիցներին ուղղված նամակում հայտարարել է, որ ընկերությունն ամբողջությամբ անցնում է բիզնեսի «ստուդիո մոդելի» և նախատեսում է տարածել Vice-ի բովանդակությունը, ներառյալ նորությունները, իր սեփական սոցիալական ցանցերի և այլ մեդիա հարթակների միջոցով որպես գործընկերության մաս:


Դիքսոնը գրել է, որ նոր ռազմավարությունը կպահանջի ռեսուրսների օպտիմալացում և կնշանակի անձնակազմի կրճատումներ, ինչի մասին աշխատակիցները լրացուցիչ կտեղեկացվեն փետրվարի 26-ից։


Vice-ը ի հայտ եկավ որպես թվային մեդիա նախագիծ 1996 թվականին, երկու տարի անց այն բանից հետո, երբ մանկության ընկերներ Շեյն Սմիթը և Գևին Մաքիննեսը Սուրուշ Ալվիի հետ միասին թողարկեցին Voice of Montreal ամսագիրը և հիմնեցին Vice Media-ն: Մինչև 2011 թվականը Vice նախագիծը գտնվում էր Viceland.com կայքում:


The Washington Post-ը Vice-ի փակումն անվանել է «վերջին ժամանակներում լրատվամիջոցների ամենամեծ ձախողումներից մեկը»: Պարբերականը նշում է, որ դեռ 2017 թվականին Vice Media-ն պատմության մեջ ամենաթանկ մեդիա ընկերություններից էր և գնահատվում էր 5,7 միլիարդ դոլար, որում ներդրումներ են կատարել այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Disney-ը և 21st Century Fox-ը։


Սակայն 2023 թվականի գարնանը ընկերությունը հայտարարեց սնանկության մասին և գնվեց նախկին պարտատերերի կողմից 350 միլիոն դոլարով: Սնանկությունը «նվաստացում» էր նախագծի համար, որը հակադրվում էր «ավանդական» լրատվամիջոցներին և տարիներ շարունակ հաջողությամբ համոզում ներդրողներին և գովազդատուներին, որ կարող է գրավել հարուստ միլլենիալների լսարանը, պնդում է The New York Times-ը: Ինչպես պարզաբանել է պարբերականը, առատաձեռն ֆինանսավորումը ենթադրում էր խիստ պահանջներ Vice-ի շահույթն ավելացնելու համար։


Պատահականորեն, հենց այն ժամանակ, երբ Vice Media-ն հասնում էր իր ֆինանսական գագաթնակետին 2017 թվականին, ընկերության ներսում հայտնվեցին սկանդալներ, որոնք խաթարեցին վստահությունը կառույցի կառավարման պրակտիկայի նկատմամբ: Խոսքը ղեկավարության կողմից կին աշխատակիցների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին էր. պարզվեց, որ տասը տարի առաջ մենեջերներին մեղադրանքներ հնչեցրած մի քանի կանայք ազատվել էին աշխատանքից, իսկ ավելի ուշ՝ փոխհատուցում ստացել։ Vice Media-ի թոփ-մենեջերները ընդունել են այս փաստերը և հրապարակայնորեն ներողություն խնդրել:


Հետագայում ընկերության ղեկավարությունը, որն աստիճանաբար պարտքեր էր կուտակում պարտատերերի նկատմամբ, վաճառքի անհաջող փորձ ձեռնարկեց։ 2022-ին Vice Media-ն մի քանի ամիս բանակցեց Antenna Group հունական հեռարձակողին մոտ 1,5 միլիարդ դոլարի վաճառքի շուրջ: Բայց այդ տարվա արդյունքներով ընկերությունը 700 միլիոն դոլար ծրագրված շահույթից ընդամենը 100 միլիոնից քիչ ավելի դոլար էր վաստակել, և գործարքը կանգ առավ, գրել է The Wall Street Journal-ը:


Մինչև Vice-ի աշխատանքի դադարեցումը, ընկերությունը կրճատումների և վերակառուցումների ցիկլերով էր անցնում: 2023թ.–ին՝ սնանկության դիմում ներկայացնելուց քիչ հետո, այն փակեց իր առաջատար նորությունների ծրագիրը Vice News Tonight–ը, որը հեռարձակվում էր HBO-ով և Vice TV-ով:

Քաղաքականություն