ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առնվազն 43 մարդ զոհվել է Բանգլադեշի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից

Առնվազն 43 մարդ Է զոհվել հինգշաբթի երեկոյան Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բարձրահարկ շենքում տեղի ունեցած ավերիչ հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում է Daily Bangladesh.


Բանգլադեշի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Սամանտա Լալ Սենն այսօր հայտնել է, որ մահվան դեպքերը հաստատվել են:


Նախարարն ասել է, որ 33 մարմին տեղափոխվել է Դաքքայի բժշկական քոլեջի հիվանդանոց, ևս 10-ը՝ մայրաքաղաքի Շեյխ Հասինայի այրվածքների և պլաստիկ վիրաբուժության ազգային ինստիտուտ:


Դաքայում հրշեջ ծառայության եւ քաղաքացիական պաշտպանության շտաբի տեսուչ Անվար Իսլամն ավելի վաղ հայտնել էր, որ մոտ 75 մարդ, այդ թվում 42-ը՝ անգիտակից վիճակում, փրկվել են Green Cozy Cottage առեւտրի կենտրոնից եւ շտապ տեղափոխվել մի քանի հիվանդանոցներ:


Պաշտոնյայի խոսքով՝ տեղում աշխատում են փրկարարները։ Հրդեհի վայր է ուղարկվել առնվազն 12 հրշեջ ստորաբաժանում՝ հինգշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 21:30-ի սահմաններում համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո: Հրդեհը մարվել է ժամը 23:30-ի սահմաններում:


Ավերիչ հրդեհի հետևանքով զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա, նախազգուշացրել Է հրշեջ ծառայության մեկ այլ աշխատակից, որը ցանկացել է անանուն մնալ:


Ուրբաթ առավոտյան շենքի որոշ հատվածներում հրդեհը դեռ մոլեգնում էր: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։

Քաղաքականություն

Պատահարներ