Վերջին երկիրը, որի հավանությունն անհրաժեշտ էր, վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը ստորագրել և հաստատման ու հրապարակման նպատակով մարտի 2-ին երկրի նախագահի աշխատակազմին է փոխանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը վավերացնող փաստաթուղթը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Հունգարիայի խորհրդարանի մամուլի ծառայությանը։


Նշենք, որ Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ վերջին երկիրն էր, որի հավանությունն անհրաժեշտ էր, որպեսզի Շվեդիան միանա Հյուսիսատլանտյան դաշինքին: Հունգարիայի խորհրդարանը հայտը հաստատել էր փետրվարի 26-ին: Վավերացմանը կողմ էին քվեարկել գրեթե բոլոր պատգամավորները՝ 188 ընտրյալ: Դեմ էր արտահայտվել վեց խորհրդարանական:


Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ դա պատմական օր է իր երկրի համար։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը կառույցին ավելի ուժեղ և ապահով կդարձնի բոլորին:



Քաղաքականություն