Երևանում մետրոներից մեկի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2107»-ում

Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամացիների փողոցում «Գործարանային» մետրոյի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։ 


Ինչպես հայտնում է կայքը, դեպքի վայր են ժամանել թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Մինչ հրշեջների ժամանումը՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Ասատուր Ղարիբյանն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:


Հաղորդվում է, որ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:



Քաղաքականություն

Պատահարներ