Ադրբեջանից հայտարարել են, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներին

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Միջազգային քրեական դատարանում ելույթի ժամանակ նշել է, թե իբր Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ բոլոր գերիներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից: 


«Ադրբեջանը բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստան, մնացածները մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ», - իր ելույթում նշել է Մամեդովը։


Ըստ Մամեդովի Հայաստանի կողմից Ադրբեջանի հասցեին ռասայական խտրականության մեղադրանքներն անհիմն են։


«Բոլոր ռազմագերիները, ինչպես նաև ձերբակալվածների մեծ մասը վերադարձվել են Հայաստան։ Մնացածները դեռևս բանտում են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների և սպանությունների, ինչպես նաև ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և անջատողականության համար»,- նշել է նա և հավելել, որ նրանց ձերբակալությունը ռասայական խտրականության հետ կապ չունի։


Հիշեցնենք, որ հունվարի 4–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է այդ երկրում պահվող 23 անձի մասին տեղեկությունները, որոնցից 17–ը, նրա խոսքով, գերեվարվել են 2023 թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին պաշտոնյաները։ Բացի այդ, հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, սակայն Ադրբեջանը հերքում է այդ տեղեկությունները։

Անդրադառնալով ՔԿ նախագահի հրապարակած թվային տվյալներին` Սիրանուշ Սահակյանը նշել է, որ իրենց հավաքագրած տվյալներով` Ադրբեջանի կողմից չհաստատված գերիների թիվն իրականում ոչ թե 32 է, այլ 80։


Քաղաքականություն

Պատահարներ