Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև

Ղազախստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը՝ կնքելու խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտարարեց Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանում։


«Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ու իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար»,- ասաց նա։


Նրա խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է մերձեցնել Հայաստանին ու Ադրբեջանին, բացել ճանապարհ՝ խաղաղության ու կայուն զարգացման համար։


«Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում: Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- ասաց նա։


Ղազախստանի նախագահի խոսքով՝ Փաշինյանի հետ բանակցություններն ապացուցում են, որ շահագրգռված են բարձր մակարդակի վրա պահել հայ-ղազախական հարաբերությունները։


Տոկաևը հայտարարեց, որ բարձր են գնահատում Հայաստանի ձգտումը՝ վերականգնելու տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում։


«Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»»,- ընդգծեց նա։


Քաղաքականություն

Պատահարներ