Մենք կանգնած ենք անդունդի եզրին. Բորել

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իսպանական Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը։


ԵՄ բարձրաստիճան դիվանագետի խոսքով, ինքն ակնկալում է, որ Իսրայելը կպատասխանի Իրանի աննախադեպ օդային հարձակմանը, սակայն հույս ունի, որ դա չի հանգեցնի հետագա էսկալացիայի:


«Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է նա: 


Բորելը նշել է, որ Իսրայելի աջակողմյան կառավարական կոալիցիայում «խորը պառակտում» է նկատվում կոշտ գծի կողմնակիցների, ովքեր ցանկանում են հատուցում ստանալ, և «ավելի չափավոր և խելամիտ» խմբակցության միջև:


Վերջին խումբը, ըստ նրա, կողմնակից է հատուցմանը, «բայց այնպես, որ խուսափի հաշվեհարդարից»:


Բորելը, որը կիրակի ուշ երեկոյան խոսել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է ավելի լավ հարաբերություններ ունենա Իրանի հետ՝ չնայած պատժամիջոցներին, որոնք Բրյուսելը սահմանել է Իսլամական Հանրապետության դեմ՝ կապված միջուկային էներգետիկայի ծրագրի և այլ հարցերի հետ:


Նա ասել է. «Բոլորին ձեռնտու է, որ Իրանը չդառնա միջուկային պետություն, և որ Մերձավոր Արևելքում խաղաղություն լինի»:



Քաղաքականություն

Պատահարներ