Գոռ Աբրահամյանը` քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունների մասին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։


«Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։


Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից»,-գրել է նա։


ՔԿ մամուլի խոսնակը հավելել է, որ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ։


Հիշեցնենքոր ավելի վաղ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով․ «Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները»։

Քաղաքականություն

Պատահարներ