Կա միանգամայն իրական ռիսկ, որ ուկրաինացիները կարող են պարտվել մինչև 2024-ի վերջը․ ԿՀՎ տնօրեն

ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչություն) տնօրեն Ուիլյամ Բերնսը նախազգուշացրել Է ամերիկացի կոնգրեսականներին, որ եթե նրանք հիմա հավանություն չտան Ուկրաինային տրամադրվող օգնությանը, Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ: Բերնսի խոսքերը, ինչպես գրում է «Европейская правда»-ն, մեջբերում Է Politico պարբերականը։


Ելույթ ունենալով Ջորջ Բուշի նախագահական կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ՝ Բերնսը կոչ է արել Կոնգրեսին ընդունել լրացուցիչ օրինագիծ, որը միլիարդներ կհատկացնի Ուկրաինային ռազմական աջակցության համար:


«Ռազմական աջակցության շնորհիվ, ինչպես գործնական, այնպես էլ հոգեբանական, ուկրաինացիները լիովին ունակ են դիմանալ 2024 թվականի ընթացքում և ոչնչացնել Պուտինի ամբարտավան կարծիքն այն մասին, որ ժամանակն իր կողմն է խաղում», – ասել է նա:


Բայց եթե օգնությունը չանցնի Կոնգրեսի միջով, «պատկերը շատ ավելի վատ կլինի», - նախազգուշացրեց Բերնսը:


«Կա միանգամայն իրական ռիսկ, որ ուկրաինացիները կարող են պարտվել մարտի դաշտում մինչև 2024 թվականի վերջը, կամ, համենայնդեպս, Պուտինին դնել այնպիսի դրության մեջ, երբ նա կարող է ըստ էության թելադրել քաղաքական կարգավորման պայմանները», – ասել Է ԿՀՎ ղեկավարը:


Պարբերականն ընդգծում է, որ Բերնսի խոսքերը, թերևս, ամենաուժեղ նախազգուշացումն են Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի կողմից: Այն հնչել է այն ժամանակ, երբ Կիևում պաշտոնյաները նախազգուշացնում են, որ ամռանը Ռուսաստանի հարձակողական գործողությունը կարող է հանգեցնել ռուսական զորքերի հսկայական հոսքերի Ուկրաինա մուտք գործելուն:



Քաղաքականություն

Պատահարներ