ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ կրկին բողոքի են դուրս եկել

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք փակել էին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս–Նոյեմբերյան հատվածը։ Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն էին հայտնում  սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։ Նրանք նշում էին, որ ուզում են հանգիստ ու անվտանգ ապրել իրենց հայրենի գյուղում։

Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ տավուշցիները մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Այժմ էլ Կիրանցում են ու փորձում են հստակ հասկանալ, թե ինչ պետք է անեն։ Աղբյուրը շեշտել է, որ գիշերը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գնացել են հավաքվածների մոտ։ Մարզպետը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, վստահեցրել է` ամեն ինչ լավ կլինի, բայց նրա ասածը չի համոզել գյուղացիներին։ 

Կիրանցի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երեկ հրապարակված քարտեզների հիման վրա չափագրումներ անելու համար մասնագետներ են եկել իրենց գյուղ։

«Տեսա իրենց, խնդրեցի` չանեն, մինչև հասկանանք` ինչ է լինելու։ Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը։ Այս ամենը պետք է քանդվի, որ ճանապարհն անցնի։ Թույլ չենք տալու ոչ մի բան»,– նշել է ակցիայի մասնակիցը։

Նրանք ընդգծում են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը ու թե ինչպես է անցնելու ճանապարհը, բազմաթիվ հարցեր էլ անպատասխան են մնացել։ Տավուշի մարզպետն արդեն այսօր Կիրանցի ճանապարհին հավաքված տավուշցիների հետ զրուցելու  գնացել․ նա պահանջել է լրագրողներից չլուսաբանել հանդիպումը։ Հայկ Ղալումյանը հավաքվածներին հրավիրել է դպրոցի դահլիճ։

Տավուշցիներից մի քանիսը փակ հանդիպման են գնացել մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։




Քաղաքականություն