ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ու գրառել, որ Ստեփանավանում պատասխանել է լրագրողների հարցերին: Վարչապետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությանը։


«Երեկվա հայտարարության հետ կապված ես նախ կուզենամ, որ մենք տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Չէի ուզենա, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզենա, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց։ Սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար։ Ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը»,– նշեց Փաշինյանը։


Նա շեշտեց` հաստատվել է նաև այն, որ սահմանազատման գործընթացի ժամանակ ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ տարիներին իրավական նշանակություն ունեցող սահմանը։ Փաշինյանը երեկվա պայմանավորվածությունն անկյունաքարային է համարում Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու զարգացման հաջորդ փուլի համար։ Ըստ նրա` այս որոշումն էականորեն կնվազեցնի անվտանգային հարցերը, որոնք կան Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով։


Հիշեցնենք՝ պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը։



Քաղաքականություն