Բայդենը Զելենսկիին խոստացել է արագ տրամադրել օգնության նոր փաթեթ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ռազմական օգնության նոր փաթեթ, հենց որ Սենատը հաստատի Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը:


Ջո Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է տնտեսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև օգնություն ցուցաբերել կարևոր ենթակառուցվածքների վերականգնման հարցում։ Վլադիմիր Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը «համաշխարհային առաջնորդության» համար և երախտագիտություն հայտնել Կոնգրեսին օրինագծի երկկուսակցական աջակցության համար՝ նշելով «խոսնակ Մայք Ջոնսոնի անձնական դերը»։


«Օրենքի ընդունումից հետո մենք քննարկել ենք պաշտպանական օգնության առաջին փաթեթը։ Նախագահի հավաստիացումներն ունեմ, որ այն կլինի արագ և հզոր և կուժեղացնի մեր հակաօդային, հեռահար և հրետանային կարողությունները»,- ասել է Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում ունեցած ուղերձում։ Նաև, Ուկրաինայի նախագահի խոսքով, քննարկվել են անվտանգության երկկողմ համաձայնագրի ստորագրումը և Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։


Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի օգնության օրինագծի շուրջ 2023 թվականի հոկտեմբերից՝ Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականների դիրքորոշման պատճառով: Ապրիլի 20-ին Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Ուկրաինային օգնելու համար 61 միլիարդ դոլար հատկացնելուն՝ որպես համապարփակ օրինագծի մաս: Այն պետք է քննարկվի Սենատի կողմից ապրիլի 23-ին։ Օրենսդիրների հավանության դեպքում Ջո Բայդենը կստորագրի փաստաթուղթը։


61 մլրդ դոլարից ավելի քան 20 մլրդ դոլարը կուղղվի ամերիկյան պաշարների համալրմանը, 14 մլրդ դոլարը՝ զենք գնելու, 9 մլրդ դոլարը՝ վարկերի տրամադրմանը։ Ինչպես հայտնել է Պենտագոնը, ԱՄՆ-ն կկարողանա զինամթերք փոխանցել Ուկրաինային մի քանի օրվա ընթացքում այն ​​բանից հետո, երբ Ջո Բայդենը կստորագրի ռազմական օգնության մասին օրենքը։ 

Քաղաքականություն

Պատահարներ