Միակողմանի զիջում չենք անում․ Անդրանիկ Քոչարյան

Մենք միակողմանի զիջում չենք անում, պետական սահման ունենալու գործընթաց ենք իրականացնում և հասանք նրան, որ հակառակ կողմը ընդունեց Ալմաթիի հռչակագիրը, որով վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման գործընթացի մեկնարկին։

Անդրադառնալով այն հակափաստարկին, որ Հայաստանից տարածքներ չեն կարող զիջվել առանց հանրաքվեի, Քոչարյանն արձագանքել է՝ ճիշտ է, եթե, ըստ նրա, Հայաստանից հողեր հանձնվեին։

«Այս գործընթացը չի վերաբերում Հայաստանին որևէ միլիմետր հող զիջելուն, սա վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, գործում է հետևյալ սկզբունքը՝ մերը՝ մեզ, իրանցը՝ իրանց»,- ասել է Քոչարյանը։

Դիտարկմանը, որ անկախ սրանից՝ Հայաստանը միակողմանի է զիջում անելով՝ առանց Ադրբեջանի որևէ զիջման, Քոչարյանն ասել է, որ այդ հատվածում զիջումների մասին խոսք չի գնում։

«Զիջումների փուլը չի այստեղ։ Ենթադրում եմ՝ ակնարկում եք մեր ինքնիշխան տարածքներում նրանց զինված ներկայությունը, բայց մենք դրան դեռ պետք է հասնենք։ Ստեղծվել էին հանձնաժողովներ, որոնք ճշտում էին գործողությունների սկիզբն ու ընթացքը, հեշտ չի անցել, 8 ամիս փակ սենյակներում բանակություններ են ընթանում։ Ադրբեջանը մինչ այս չէր ընդունում Ալմաթիի հռչակագիրն ու վարչական սահմանները պետական սահմանների վերածելու գործընթացը։ Հիմա մենք սկսում են դեմարկացիա, դա պետք է անենք անցավ, բայց տեսնում եք՝ ինչքան խանգարող հանգամանքներ կան»,- ասել է Քոչարյանը։


Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածության արդյունքում տարածված հայտարարությունում նշված էր, որ եթե հետագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրում կարձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրից տարբերվող այլ հիմնարար սկզբունք, սահմանազատման Կանոնակարգը կհամապատասխանեցվի այդ սկզբունքին: Չի՞ ստացվում, որ Ալմաթիի հռչակագիրը հաստատուն սկզբունք չէ։


«Մենք հաստատելու ենք այս հատվածի պետական սահմանը, հաջորդ քայլը կլինի պաշտխանության ապահովումը սահմանապահ ուժերի միջոցով։ Սրանից հետո կշարժվենք սահմանի ամբողջ երկայնքով։ Բնականաբար, փոփոխություններ կլինեն, կհասնենք հատվածներին, որտեղ վիճելի խնդիրներ կան, մեր ինքնիշխան տարածքում ադրբեջանական ուժեր կան, բանակցային գործընթաց կսկսվի, որ բնագծերը ճիշտ կառուցվեն, կողմերն ընդունեն՝ ինչն իրենցն է՝ իրենցն է, ինչը մերն է՝ մերն է։ Հնարավոր է՝ վիճելի հատվածները շրջանցենք, շարունակենք, բայց հենց այնպես չենք ասում եմ՝ սա մերն է, նա՝ նրանցը, դրա համար բազմաթիվ իրավական փաստաթղթեր և քարտեզներ կան»,- նշել է Քոչարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ