Բայդենը ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության օրինագիծը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր համաքաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ ստորագրել է ազգային անվտանգության մասին փաստաթուղթը, որը նախատեսում է Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնության հատկացում։


«Ես հենց նոր ստորագրեցի ֆինանսավորման փաթեթը, որը Ներկայացուցիչների պալատն ընդունեց հանգստյան օրերին, իսկ Սենատն ընդունեց երեկ: Սա կամրապնդի ԱՄՆ-ի և ողջ աշխարհի անվտանգությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը (ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում)։


«Առաջիկա ժամերին մենք կսկսենք զենք ուղարկել Ուկրաինա։ Խոսքը հակաօդային պաշտպանության համակարգերի և հրետանու զինամթերքի, հրթիռների, զրահատեխնիկայի մասին է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ 


Հայտարարված գումարն ամբողջությամբ չի օգտագործվելու զենքի տեղափոխման համար։ Մոտ 20 միլիարդ դոլար կծախսվի ԱՄՆ ռազմական զինանոցների համալրման վրա։ Միջոցների մեկ այլ մասն օգտագործվում է Ուկրաինայի մերձակայքում ամերիկացի զինվորականների գործունեությունը ֆինանսավորելու համար։ Մոտ 14 միլիարդ դոլար կհատկացվի Ուկրաինայի կողմից զենքի անկախ ձեռքբերման համար։


Ազգային անվտանգության օրենքը, որը շուրջ վեց ամիս քննարկվում էր ամերիկյան խորհրդարանում, ներառում էր նաև Իսրայելին տրամադրվող լրացուցիչ օգնության փաթեթ՝ 26,4 միլիարդ դոլարի չափով, որից 9,1 միլիարդ դոլարը կուղղվի հումանիտար կարիքներին։ Բացի այդ, Միացյալ Նահանգները օգնություն կտրամադրի դաշնակիցներին Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. 8,1 միլիարդ դոլար հատկացվում է «Չինաստանին դիմակայելու համար», ևս 2 միլիարդ դոլար կտրամադրվի Թայվանի և այլ դաշնակիցների ֆինանսավորմանը:

Քաղաքականություն

Պատահարներ