Արթուր Խաչատրյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Այս մասին Խաչատրյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։


Նշենք, որ ապրիլի 27-ին Երևան–Սևան մայրուղու Հրազդանի հատվածում մի խումբ ոստիկանների և բողոքի ակցիա իրականացնող ու ճանապարհը փակած քաղաքացիների միջև քաշքշուկ էր սկսվել։ Խաչատրյանը շեշտում է, որ առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը, ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կիրառել։


«Ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով 4 ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, նա քաղաքացիական հագուստով էր և չէր ներկայացել»,– գրել է Խաչատրյանը։


Ճանապարհին վերջինս մի քանի անգամ հայտնել է, որ ինքը պատգամավոր է ու իրեն իրավունք չունեն բերման ենթարկելու։ Բաժանմունքում Խաչատրյանին հայտնել են, որ ինքը բերման ենթարկված չէ։


Նա ուրբաթ օրը Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցածը որակել է որպես ոստիկանապետության ամենացցուն դրսևորում։ Խաչատրյանը հույս է հայտնել, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։

Քաղաքականություն

Պատահարներ