Քննիչները ՌԴ-ում մեղադրյալներին հավաքագրում են պատերազմի համար. ԶԼՄ

Քննչական կոմիտեի եւ քննչական այլ մարմինների աշխատակիցները սկսել են զբաղվել կամավորների հավաքագրմամբ Ուկրաինայում պատերազմի համար, գրել է «Коммерсант»-ը՝ հղում կատարելով փաստաբանական աղբյուրներին։


Քննության ներկայացուցիչները սկսել են քրեական գործերով անցնողներին «Պարզաբանում» անվանմամբ թուղթ ներկայացնել, որտեղ նշված է, որ նրանք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ պայմանագիր կնքելով ՌԴ ՊՆ-ի հետ։ Փաստաթուղթը չի տարածվում մանկապղծության, ահաբեկչության, դիվերսիայի, պետական դավաճանության եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ կասկածվողների վրա։


Եթե մեղադրյալը համաձայնում է, նրան հանձնում են զինվորականներին, որոնք նրա հետ պայմանագիր են կնքում։ Հետո այն զորամասի հրամանատարի միջնորդությամբ, որտեղ ծառայելու է մեղադրյալը, քննիչը դադարեցնում, իսկ հետո չեղարկում է քրեական հետապնդումը։ Քրեական գործից լիովին խուսափելու համար պետք է հասնել զորացրման կամ պետական պարգեւ ստանալ։


«Կոմերսանտի» զրուցակիցներից մեկի խոսքով՝ այս կարգն արդեն գործում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում եւ դրանց մոտ գտնվող ռուսական մարզերում։ «Այն աստիճանաբար տարածում են նաեւ այլ սուբյեկտների վրա»,- ավելացրել է պարբերականը։


«Ըստ էության, քննիչներին պատվիրակել են ագիտատորի դեր՝ մեղադրյալների եւ կասկածյլաների շրջանում պայմանագրեր կնքելու համար հատուկ ռազմական գործողության շրջանակում։ Ես սա այնքան էլ ճիշտ չեմ համարում, քանի որ քննության խնդիրը քրեական գործով ապացույցներ հավաքելն է, ոչ թե նորակոչիկներ հավաքագրելը»,- նշել է փաստաբան Ռոման Կանդաուրովը։

Քաղաքականություն

Պատահարներ