ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Միացի՛ր, որ փոխենք». Երևանի բուհերում ակցիաներ են անցկացվում

«Մայր Հայաստան» դաշինքը Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ է անցկացնում։ Դա արվում է ի աջակցություն տավուշցիների, որոնք պայքարում են տարածքային միակողմանի զիջումների դեմ:


Նրանք պնդում են` պետք է պայքարել հանուն Տավուշի և ամբողջ Հայաստանի։


«Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, ուսխորհրդի ներկայացուցիչներ, պետք է համախմբվել և մեկ բռունցք լինել։ Քաղաքացին պետք է իր դիրքորոշումը հայտնի իրավիճակի վերաբերյալ։ ՀՀ կառավարության հետագա քայլերն ու միակողմանի զիջումները կարող են պատուհաս դառնալ»,– նշեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։


Նրանք վանկարկում են «Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր»։


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Քաղաքականություն

Պատահարներ