ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանն ուզում է, որ սահման չլինի, գործի ուժի իրավունքը. Ռուբինյան

1991 թվականի ճիշտ այսօրը Հայաստանը, հայ ժողովուրդը սգում էր: Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս, անհավասար մարտում զոհվեցին Հրազդանյան ջոկատի հրամանատար Զարզանդ Դանիելյանը, գետաշենցի դաշնակցական Վալերի Նազարյանը, Հայաստանի ազգային հերոս դաշնակցական Թաթուլ Կրպեյանը, Երևանի ժողինստիտուտի ուսանող, դաշնակցական Արթուր Կարապետյանը, գիտնական դաշնակցական Սիմոն Աչիքգյոզյյանը։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։


«Երանի նրանց՝ հայրենիքի համար զոհվեցին, երանի նրանց, որ չտեսան ուրացումը, երանի նրանց, որ չտեսան՝ Դաշնակցությանն ատում են Թուրքիայում, Ադրբեջանում մեկ էլ Հայաստանի խորհրդարանում՝ քաղաքական մեծամասնությունում»,- ասաց նա։


Մանուկյանը հիշեցրեց, որ այս հարցի քննարկման ժամանակ Մարիա Կարապետյանին տվել է պարզ հարց, որին նա չի կարողացել պատասխանել․


«Հարցրել եմ՝ ցույց տալ աշխարհում գեթ մեկ երկիր, որը սահմանի փոքր կրճոնների վրա սահմանազատում, սահմանագծում է իրականացնում, երբ մնացածը չճշտված սահմաններ են։


Չկարողացավ բերել մեկ օրինակ, որովհետև չի կարող աշխարհում լինել այլ խելագար կառավարություն, որ երկրի փոքրիկ մի քանի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են դիմացի կողմից։


Ցանկացած նորմալ երկրում որտեղ ոչ խելագար կառավարություն է, այդ նորմալ երկրներում իրավապահ մարմիններն առաջին իսկ բանը որ կանեին, կալանքի օրդերը կստորագրեին հայրենիքի, անվտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով»,- ասաց նա


Ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունից: Այս մասին արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:


«Ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա-Աթայի հռչակագիրը: Ի՞նչ է դա ենթադրում. որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային Միության փլուզման պահին, այսինքն՝ 1991 թվականի դրությամբ:


Հարց տանք՝ ինչո՞ւ էր Ադրբեջանը փորձում սրանից խուսափել, պատասխանը հետևյալն է, որովհետև Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, կամ լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը: Այսինքն՝ հետևյալ տրամաբանությունը՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են»,- ասաց նա:


Ռուբինյանը նաև նկատեց, որ տարօրինակ զուգադիիպությամբ ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկը վերջերս ուզում էր, որ որդեգրենք նույն տրմաբանությունը:


«Ինձ համար շատ տարօրինակ է եւ անհասկանալի, թե ինչո՞ւ է մեր խորհրդարանական ընդդիմությունը լծվել այս տրամաբանության լեգիտիմացմանը: Երբ ընդդիմությունը բերում է նախագիծ, որտեղ ասում է, որ պետք է սահմանազատման հիմք ընդունվի 1993 թվականի շփման գիծը, դա նշանակում է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինի իրավաբանական հիմնավորում ունեցող փաստաթղթերը և քարտեզները, այլ շփման գիծը: Իսկ շփման գիծ ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է ուժի արդյունքում՝ ով որտեղ կարողացել, կանգնել է: Այսինքն՝ դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը, և երբ կսկսի գործել ուժը, ձեր դաշնակիցները իրենց պարտվորությունները չեն կատարելու, ու լինելու է ի՞նչ, այն, ինչը բազմիցս եղել է»,- ասաց Ռուբինյանը:


Նա հորդորեց ընդդիմությանը չբարդացնել ամեն ինչ, չփորձել լեզվական միջոցներով իրենց արածի էությունը փոխել. «Այս ամեն ինչի մեխը հետևյալն է՝ Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ: Հիմա վերահաստատվել է սկզբունքն առ այն, որ այս սահմանը վերարտադրվելու է, այսինքն՝ դելիմիտացիա տեղի է ունենալու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծեց ԱԺ նախագահի տեղակալը:



Քաղաքականություն

Պատահարներ