Հրահրողներն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք. Բագրատ Սրբազան

Եթե բռունցքվեն, նպատակ սահմաննեն եւ այդ նպատակով գործեն, ոչ մի բան չեն կարող փոխել իրենց կյանքը: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:


«Առաջին հաղթանակն ենք գրանցել: Առանց խոչընդոտի ուզում էին սահմանագծման քարերը դնել: Լուրը ստացանք երեկ, որ վերջին երեք քարերը չեն դրել, կասեցվել է, կամ դադարեցվել է այդ գործընթացը ի շնորհիվ ժողովրդի պայքարի: Այդպես լինելու է բոլոր հանգրվաններում: Մենք եկել ենք մի պահանջով, եկել էինք պատասխան պահանջելու Հայաստանի կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորեցրել եւ հետո սպառնացել ու ահաբեկել ժողովրդին: Եկել էինք պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների, մեր էն փոքրիկ Հոգարիկի արցունքների: Պահանջելու այդ պատասխանը եւ ժամանակ տալու դադարեցնելու այս միակողմանի, ապօրինի, հակասահմանադրական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը:


Մենք դեմ չենք եղել ոչ խաղաղությանը, ոչ սահմանաատմանը, բայց այն, ինչ տեղի է ունենում այս միջոցով, միակողմանի, ծնկած զիջելով, անընդունելի էր մեր համար: Շատ հստակ եմ ուզում ասել, որ բոլոր տեսակի մանիպուլացիաներից հրաժարվենք: Մեզ համար այս գործընթացը երկու երես ունի՝ իրավական եւ բարոյական: Աշխարհում չկա նախադեպը ուժի սպառնալիքի ներքո զիջել եւ երաշխիք չտալ, որ պատերազմ չի լինի: Անընդհատ սպառնում է, որ պատերազմ կլինի: Մենք չենք պատերազմի հրձիգները, պատերազմ հրահրողներն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք եւ այսպես շարունակ, պայմանավորվողն էլ եք դուք»,- հայտարարեց Սրբազանը՝ հավելելով, որ իրենք պատվով խաղաղություն են ուզում:


Նա նշեց, որ 2021-ին իշխող ուժը ժողովրդին խոստումներ է տվել իր ծրագրերում որտեղ ոչ մի խոսք չկա այսպիսի սահմանազատման վերաբերյալ. «Դեռ խոստում կար ձեռք կտրելու, բայց մարդկանց այս վիճակին չմատնելու: Ընդամենը երկու ամիս առաջ գալ ու ասել, որ եթե չհամաձայեք, պատերազմ կլինի, ահաբեկել այն ժողովրդին, որի քվեն մուրացել ու ստացել ես եւ դարձել ես ահաբեկիչ: Սա էլ բարոյական կողմը:


Մեր այս շարժումը մենք որակել ենք «չակնկալիքների պայքար», որեւէ նյութական ակնկալիք չկա այս շարժման մեջ, կա միայն մեկ գաղափար՝ հայրենիք եւ պատիվ: Այն երկու արժեքը, որ մեզնից գողացել է սեփական կառավարությունը: Երկրորդ, մենք համոզված ենք ճշմարտության հաղթանակի մեջ: Սուտը մեր երկրում պետք է վերանա, ճշմարտությունը պետք է հաղթանակի ձեր միջոցով: Երրորդ, մենք եկել ենք լայն հասարակական հաշտության մտքով, թշնամությունը, ատելությունը, քաոսը… մարդիկ չեն վստահում իրար, ամեն տեղ է պառակտումը: Այս թշնամությունը ստի հետ քանդել է մեր տունը: Ատելությունը դեարձել է ընդհանրական մշակույթ, մարդիկ զրկվել են մարդ լինելու կերպարցի, հանդես են գալիս որպես պրոֆիլներ, որպես կեղծ երեւույթներ:


Այո, մենք հաշտության օրակարգ ունենք եւ պետք է իրականություն դարձնենք: Մենք իրար սիրելով, իրար ներելով ենք մեծանալու, շատանալու, առատանալու»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:


Նրա խոսքով՝ այսօր նայում են զոհվածների շիրիմներին ու ամաչում. «Մեր կոչումն է այդ տղաներին հայրենիք վերադարձնել, այն երազն ու հայրենիքը, որ իրենք ունեին իրենց մտքում: Մեր իղձերը, տեսլիքները ավելի մեծ են, քան մեր կյանքի օրերը, մենք մեր իղձերի, երզների հետեւից պետք է գնանք:


Մեզ ասում էին՝ ժողովուրդը անտարբեր է, մեռած է, հայրենիք չունի, անզոր է, թույլ, տկա ու վախկոտ է: Ձեզ էին ասում ժողովուրդ ջան: Ահավասիք, փաստում եք, թե ինչպիսին եք դուք: Մենք պետք է հրաժարվենք նաեւ հպարտությունից, հպարտության մեղքից»,- ընդգծեց նա:

Քաղաքականություն

Պատահարներ