Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա

Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ 65-ամյա Ռադիկ Վ․-ն և հայտնել, որ ինքը «Մավ Շին» ՍՊԸ պահակն է և նշված ՍՊԸ-ի տարածք են մուտք գործել անհայտ մակնիշի մեքենայով 3 քաղաքացի որոնցից մեկի վրա շունը հարձակվել է և կծել ավելացրել է նաև, որ վերջիններս զենքով կրակել են շանը:


Կայքի հաղորդմամբ՝  նշված հասցե են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 17։00-ին Երևանի բնակիչ 39-ամյա Գեղամ Մ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Սամվել Ս․-ի և 44-ամյա Վահե Մ․-ի հետ, իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մուտք են գործել «Մավ Շին» ՍՊԸ տարածք ավտոմեքենայի խափանման պատճառով օգնություն խնդրելու համար, որտեղ շունը հարձակվել է Գեղամ Մ․-ի վրա և կծել նրան`աջ թևի շրջանում պատճառելով վնասվածքներ, ինչից հետո վերջինս վերցրել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկում քանդված վիճակում գտնվող, իր անվամբ հաշվառված «ԻԺԿ» մոդելի, 1 փողանի 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը հավաքել այն և կրակել շան վրա:


Նշվում է, որ Գեղամ Մ․-ն շան կծելու հետևանքով ստացած «Աջ թևի պատռած վերք» մարմնական վնասվածքով դիմել է «Վայքի բուժմիաորում» ՓԲԸ:Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք հրացանի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Կայքի տեղեկություններով Գեղամ Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում  է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում որպես բաժնի պետ։


Քաղաքականություն

Պատահարներ